Նոր մանրամասներ՝ Բալահովիտ գյուղի Կաթի գործարանում հնչած կրակոցներից. ձերբակալվել է գյուղապետի եղբոր տղան, իսկ նրա տղան որոնվում է
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, hարուցվել է քրեական գործ՝ նոյեմբերի 12-ին Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փաստով, ինչի հետևանքով Աբովյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 17-ամյա Թաթուլ Մինասյանը։
Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչ Ն. Մենդիկյանի որոշմամբ ձերբակալվել է Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Վարդան Կորյունի Գրիգորյանը, իսկ նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Արամ Կամոյի Գրիգորյանը Ոստիկանության և քննչական բաժնի կողմից որոնվում է։
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալված Վ. Գրիգորյանը սովորում է Երևանի Ֆիզկուլտինստիտուտում, իսկ նրա հորեղբայրը Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանն է։
Ոստիկանների ու քննիչների կողմից որոնվող Ա. Գրիգորյանն էլ Բալահովիտի գյուղապետ Կ. Գրիգորյանի տղան է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 12-ին, ահազանգ էր ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որ Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ կրակոցներ են հնչել:
Մինչ ոստիկանները դեպքի վայրում տեղազննություն էին կատարում, ժամը 01:15-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ծնկան հոդերի, ճակատի և ծոծրակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գանգուղեղի փակ վնասվածք, ցնցում հարցականով» ախտոշորմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Արդեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Աբովյան քաղաքի Դարանի փողոցի բնակիչ, 17-ամյա Թաթուլ Մինասյանն է, ով բժիշկներին և ոստիկաններին հայտնել էր, թե ինքը չգիտեր՝ որտեղ, ինչ հանգամանքներում էր վայր ընկել ու վնասվածքներ ստացել:
Ոստիկաններն ունեին կասկածներ, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտից, որտեղ տեղի էր ունեցել մի խումբ անձանց միջև վիճաբանություն և, ըստ ահազանգողների՝ հնչել էին նաև կրակոցներ:
Մանրամասները` Shamshyan.com -ում