Ղրղզստանը չեղարկել է ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության մասին Ղազախստանի հետ կնքած համաձայնագիրը
Ղրղզստանի խորհրդարանը այսօր երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է եվրասիական տնտեսական ինտեգրման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին Ղազախստանի հետ համաձայնագրի չեղարկման մասին օրենքի նախագիծը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համաձայնագիրը չեղարկվել է Բիշքեքի և Աստանայի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը տեղի է ունեցել Ղրղզստանում հոկտեմբերին անցկացված նախագահական ընտրություններից առաջ: Հիշեցնենք, որ Ղրղզստանի նորընտիր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը երեկ հայտարարել էր, որ Ղազախստանի հետ խնդիրները շուտով կհարթվեն:
Ղրղզստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները վատթարացել են Ղրղզստանում նախագահական ընտրությունների ընթացքում, երբ տեղի է ունեցել դիվանագիտական սկանդալ՝ ընդդիմությունից Ղրղզստանի նախագահի թեկնածու Օմուրբեկ Բաբանովի հետ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման պատճառով: Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել էր, որ դրանով Ղազախստանը միջամտում է Ղրղզստանի ներքին գործերին։