437 տոկոս ավելացել է պարգևավճարների չափը
ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սոցապ նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե թոշակը, նպաստները չբարձրացնելով, արդյո՞ք պաշտոնապես չեն հայտարարում, որ մարդիկ 2018-ին ավելի վատ են ապրելու:
«Արդեն երեք տարի ընտանեկան նպաստները, կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնում: 2018-ին էլ մինչեւ 10 տոկոս գնաճ եք ունենալու: Եթե թոշակները, աշխատավարձը եւ նպաստները չենք բարձրացնում, արդյո՞ք մենք բնակչությանը ուղերձ չեն հղում, որ նրանք 10 տոկոսով վատ են ապրելու: Հիմա մենք ինչքա՞ն ենք ուզում բարձրացնել աղքատության ցուցանիշը»,- ասաց Փաշինյանը, որի հետ ինչ-որ չափով համամիտ էր Արտեմ Ասատրյանը:
«Վերջին անգամ 2014-15 թվականներին ենք բարձրացրել թոշակներն ու նպաստները: Յուրաքանչյուր տարի բարձրացում է եղել 15 տոկոսով: Եթե մարդու միակ եկամուտը կենսաթոշակն է, ապա Ձեր ասած խնդիրն առկա է: Բազմիցս է ասվել, որ աղքատության կրճատման վրա ազդեցություն ունենում է միայն տնտեսական աճը»,- պատգամավորի հարցին պատասխանելով՝ ասաց Ասատրյանը:
Հարց ու պատասխանի ընթացքում, Փաշինյանը նաեւ հայտարարեց օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների 2017 թվականի պարգեւավճարների ավելացման մասին՝ հեգնելով, որ ցանկության դեպքում կարելի է թոշակն ու նպաստն էլ ավելացնել:
«Մենք միշտ ասում ենք, թե որտեղից կարել է գումար գտնել: Ես հիմա նայում եմ օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պահպանման ծախսերը: Պագեւավճարներ, դրամական խրախուսանքներ եւ հատուկ վճարներ հոդվածով միայն այս տարի 2 միլիարդ դրամով ավելացում ունենք: Գրված է, որ աճը 437 տոկոս է: Ես կարծում եմ, որ ցանկության դեպքում թոշակի բարձրացման գումարը կգտնվի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: