5500 պետական աշխատող պետք է կրճատվի
ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է քննարկվել «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե ինչպես է ստացվում, որ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության աշխատողների աշխատավարձերը և հավելավճարները աճում են շուրջ 6%–ով, այսինքն՝ 56 մլրդ դրամից 57 մլրդ են դառնում, բայց միաժամանակ Կառավարությունը հայտարարում է, որ 5500 պետական աշխատող պետք է կրճատվի:
Մարուքյանի հաջորդ հարցը վերաբերում էր կապի ծառայություններին: Ըստ նրա` կառավարման ապարատում այս ծառայությունների համար շուրջ 500 մլն-ի ավելացում կա բյուջեով:
«Այսինքն՝ 40% կապի ծառայություների ծախսն ավելացել է, երբ մենք պատգամավորների թիվը կրճատել ենք, մարդկանց թիվը կրճատվել է, բայց ծախսերն ավելացել են»,-հարցրեց նա:
Ջանջուղազյանը նշեց, որ աշխատավարձի աճը երեք գործոնով է պայմանավորված, առաջինը բնականոն աճն է՝ օրենսդրությամբ նախատեսված: Բացի դրանից, ըստ նրա, աշխատավարձերը հաշվարկվում են փոխարժեքը հաշվի առնելով, ինչպես նաև դա պայմանավորված է պետեկամուտների կոմիտեում տեղի ունեցած բարեփոխումներով: