Թոշակները, կենսաթոշակները չեն բարձրացել, իսկ գները աճում են
2018 թվականի պետական բյուջեի վերաբերյալ մենք ունենք մի շատ կարևոր փաստ՝ արդեն 3 տարի կենսաթոշակները, սոցիալական և ընտանեկան նպաստները չենք բարձրացրել, բայց դրան զուգահեռ ունենք գնաճ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց՝ գնաճը շարունակվելու է:
«Տեսանք, որ 2018-ին 4 տոկոս գնաճ է նախատեսվում, իսկ 2017-ին՝ 2.7 տոկոս, այսինքն` արդեն մենք ունենք 6.7 տոկոս գնաճ։ Հետևաբար, եթե մենք թոշակներն ու ընտանեկան նպաստները չենք բարձրացնում, նշանակում է, որ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ աղքատության խորացման քաղաքականություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը շեշտեց, որ վերոնշյալին գումարվելու է նաև այն, որ 2018 թվականի հունվարին ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ մաքսային նոր դրույքաչափերը, որոնք, ըստ նրա, լայն սպառման բազմաթիվ ապրանքների գները բարձրացնելու են: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ այս ամենը լուրջ սոցիալական հետևանքներ է թողնելու։