Արա Բաբլոյանը՝ ՀԱՊԿ նիստին. ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություների օրերին ադրբեջանական գնդակից սպանվեց ՀՀ զինծառայող. սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Արա Բաբլոյանը նիստում հանդես է եկել հայտարարությամբ։
«Խիստ ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի աշխատանքին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական հերթական ցինիկ արարքը, որը կատարել է այդ երկիրը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանում: Այն օրերին, երբ Հայաստանում անցկացվում էին ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, ադրբեջանական կողմից արձակված գնդակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի 19-ամյա զինծառայող»,- նշել է Արա Բաբլոյանը:
Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ տվյալ իրավիճակում սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին: