ՀՀԿ-ն պայքարում է ՀՀԿ-ի դեմ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ, որտեղ հիմնականում ՀՀԿ-ն պայքարելու է ՀՀԿ-ի դեմ:
Բայց ինչպես ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում՝ ՀՀԿ-ն շատ համայնքներում կոնկրետ թեկնածուների չի պաշտպանելու: Այդ համայնքներն են՝ Ալագյազ խոշորացված համայնքն Արագածոտնում, Ծաղկալանջն՝ Արմավիրում, Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս համայնքը, Շիրակամուտն ու Մեծավանը Լոռիում, Գլաձորը՝ Վայոց ձորում և Բերդն ու Աչաջուրը՝ Տավուշի մարզում:
Օրինակ՝ Վարդենիս համայնքում 3 ՀՀԿ-ական է մտադիր առաջադրվել՝ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Արամ Հարությունյանը և երիտասարդ Կարեն Մկրտչյանը: Հիմա ՀՀԿ բարձրագույն մարմինը ի՞նչ դիրքորոշում ունի: «Ժողովուրդ»-ի այս հարցին Թադևոսյանը պատասխանեց. «Դաշտը թողնված է ազատ, ժողովրդի կողմից ով հավանություն ստանա, նա էլ կընտրվի: Իհարկե, նախապատվությունը տալիս ենք երիտասարդներին, նաև այդ կոնտեքստում ենք ուզում մեր թեկնածուներին առաջադրել, ներկայանալ թարմացված կազմով»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: