Քրդերը արձանագրում են. իրենց հանրաքվեին ամենադրական արձագանքը եղել է Հայաստանից
Այսօրվա քրդական լրատվամիջոցների առաջին էջում դրված է Էդվարդ Նալբանդյանի նկարը: Քրդերը արձանագրում են, որ իրենց անկախության վերաբերյալ ամենադրական արձագանքը եղել է Հայաստանից: Հիշեցնենք, որ քրդերի հանրաքվեին ամենակոշտը արձագանքել են Թուրքիան, Իրանը, և Իրաքի կենտրոնական իշխանությունը: Հանրաքվեն չեն ողջունել Ծոցի արաբական երկրները, Եվրոմիությունը, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, նույնիսկ Իսրայելը, որը մինչ հանրաքվեն աջակցում էր քրդերին, պաշտոնապես չի արձագանքել այս վերջին հանրաքվեի առիթով: Եվ միակ դրական արձագանքը, փաստացի, պետական մակարդակով քրդերը ստացել են Երևանից, երբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանն այս հանրաքվեի վերաբերյալ, նշել է հետևյալը. նախ նա արձանագրել է, որ հանրաքվեի արդյունքում բնակչության 90 տոկոսը կողմ է արտահայտվել անկախության օգտին, որից հետո հորդորել է, որ Էրբիլն ու Բաղդադը պետք է վերսկսեն խաղաղ բանակցություններն իրենց հարաբերությունների շուրջ:
Այսպիսով Նալբանդյանը չի խոսել այդ երկրի տարածքային ամբողջականության մասին, և միաժամանակ արձանագրել է, որ հանրաքվեի ընթացքում բնակչության 90 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը:
Դիվանագիտական լեզվով սա նշանակում է, որ Հայաստանը ոչ ֆորմալ տեսանկյունից սիմպատիայով է տրամադրված քրդերի նկատմամբ, և քրդերն էլ իրենց հերթին գնահատեցին Երևանի այս մեսիջը:
Կարծում ենք, որ ստրրատեգիական իմաստով Հայաստանը ճիշտ վարվեց, քանզի այս անկախության հանրաքվեի պահը քրդերը ֆիքսում են, թե ով է իրենց հանդեպ բարեկամական տրամադրված: Եվ հետագայում էլ այն հաստատ իր ազդեցությունը կունենա: Մյուս կողմից, Հայաստանը պաշտոնական մակարդակով իր չեզոքությունն է հայտնում, ակնարկելով, որ ուզում է լավ հարաբերություններ ունենալ և Էրբիլի և Բաղդադի հետ:
Zham.am