Թեւան Պողոսյանը նորընտիր պատգամավորների համար դասընթացներ է կազմակերպել
«Ժողովուրդը» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը խորհրդարանի նորընտիր պատգամավորների համար դասընթացներ է կազմակերպել՝ սովորեցնելու օրենսդիր իշխանության ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները: Երեկ առաջին դասն էր, որին մասնակցում էին ՀՀԿ, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորները: ՀՅԴ-ից որեւէ մեկը ներկա չէր: «Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվիրպեց, որ այդ դասընթացին ներկա էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով նախորդ խորհրդարանում պատգամավոր էր ՀՀԿ խմբակցությունից:
Սակայն նրանից հնարավոր չեղավ պարզել, թե ինչու էր մասնակցում այդ դասընթացին. չի՞ հասցրել նախորդ հինգ տարում սովորել պատգամավորի գործառույթները, թե՞ մարդաքանակ ապահովելու համար էր գործուղվել: ՀՀԿ խմբակցությունից Արսեն Միխայլովն էլ մեր հարցին ի պատասխան՝ հավաստիացրեց, որ ինքը գիտեր պատգամավորների գործառույթները, պարզապես «շատ էպիզոդներ կան, որոնց պրակտիկորեն դեռ մենք ծանոթ չենք: ...Ավելի խորն ուսումնասիրեցի եւ իմացա ահագին բաներ»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդը» թերթի այսօրվա համարում: