Երևանում շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի 17 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վազգեն Մամիկոնյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 77-ամյա Օ. Ժ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ 4-րդ հարկից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելու եղանակով: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել: Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: