Մոլդովան դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով քննարկել Մերձդնեստրից ռուսական զորքի դուրսբերման հարցը
Մոլդովան դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով ներառել Մերձդնեստրից ռուս զինվորականների ամբողջական դուրսբերման հարցը Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգում: Այդ մասին ասված է ՄԱԿ-ում Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Մորարուի նամակում, հայտնում է Deutsche Welle-ն:
Քիշնևում կարծում են, որ ՌԴ զինծառայողների ներկայությունը «վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար»:
Նամակում Մոլդովայի ներկայացուցիչը խնդրում է ՄԱԿ-ին աջակցել «իր ազգային տարածքից օտարերկրյա զինված ուժերի ամբողջական դուրսբերման գործընթացի ավարտին ուղղված Մոլդովայի ջանքերին»:
Մորարուն նամակում հիշեցրել է նաև 1999 թվականին ընդունված ԵԱՀԿ հռչակագրի մասին, որը ողջունել է «Ռուսաստանի Դաշնության պարտավորությունը՝ ավարտել Մոլդովայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումը մինչ 2002 թվականի ավարտը»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 12-ին:
Աղբյուրը` Tert.am