Ջորջ և Ամալ Քլունիներն ավելի քան 2 մլն դոլար կներդնեն Լիբանանում սիրիացի երեխաների կրթության համար
Աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալ Քլունին, 2,25 մլն ԱՄՆ դոլար կներդնեն Լիբանանում բնակվող շուրջ 3.000 սիրիացի ներգաղթյալ երեխաների կրթությամբ զբաղվող 7 դպրոցների զարգացման նախագծում, այս մասին գրում է tass.ru–ն:
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել մի ամբողջ սերունդ միայն այն պատճառով, որ նրանք ծնվել են ոչ ճիշտ ժամանակ՝ ոչ ճիշտ վայրում», - հայտարարել է Քլունին՝ հավելելով, որ կրթական խնդիրների պատճառով հազարավոր սիրիացիներ հաճախ կանգնում են հասարակության լիիրավ անդամ չդառնալու և իրենց կյանքը փոխել չկարողանալու վտանգի առաջ:
Բարեգործական նախագծին մասնակցում են նաև Google-ը և HP-ն, որոնք պարտավորվել են ապահովել կրթական հաստատությունները համապատասխան տեխնիկական սարքավորումներով: Նախագծի վրա ծախսվող միջոցների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 3 մլն դոլար:
Լիբանանի կրթության նախարար Մարվան Համադեն հայտնել է, որ պաշտոնական Բեյրութը խորապես երախտապարտ է Քլունի ընտանիքին այդ մարդկային քայլի համար:
Աղբյուրը` Tert.am