Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել «Հրազդան» մարզադաշտը և ստացած գումարը ներդնել ջրի արտադրության մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված մարզադաշտը: «Մենք չենք կարողանում պահել, մեկը պետք է գնի, որ վերականգնի»,- ասել է նա: Աուդիտորական ընկերությունը գնահատել է մարզադաշտը 113 միլիոն դոլար:
«Դա շուկայական գին է, բայց Հայաստանում էդքան չեն տա, թեպետ 4-5 հարյուր միլիոն դոլար էլ ծախսեն, նման ստադիոն չեն կարող ստեղծել: Մենք ավելի խելքին մոտ գնով ենք ուզում վաճառել»,- ասել է Աղաբաբյանը՝ չհստակեցնելով գինը:
Վաճառքից ստացած գումարով նա նոր արտադրություն կհիմնի. «Չեմ պատրաստվում այդ գումարները տանել ու ներդնել շվեյցարիաներում, ես կդնեմ ջրի արտադրության մեջ»:
«Դիլիջան ջրի» օրինակով, որը ևս Աղաբաբյանին է պատկանում, նոր արտադրություն է հիմնելու. «Այդ արտադրության հաջող փորձ ունենք, ԱՄՆ-ի հետ ենք աշխատում, արտահանում ենք: Ինձ համար կարևոր է, որ նոր զորացրված տղաներն աշխատանք ունենան, և նոր արտադրամասում հենց նրանց կընդունենք աշխատանքի»»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: