«Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրենի ԺՊ-ն աշխատանքից ազատել է շուրջ 30 բուժաշխատողի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնականտար, առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, մեր ստացած տեղեկությունների համաձայն, կադրային մեծ փոփոխություններ է սկսել բուժհաստատությունում:
Նշվում է, որ նա աշխատանքից ազատել է շուրջ 30 բուժաշխատողի, դրա փոխարեն ունի 4 գործավար, Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանի կնոջն ընդունել է որպես միջազգային հարցերով խորհրդական: Նույն աղբյուրները նաև փոխանցում են, որ օրեր առաջ «Նուբարաշենում» մոռացել են հաց պատվիրել այնտեղ բուժվող մոտ 300 հիվանդի համար, ինչը նրանց տրվող սննդի էական մասն է կազմում:
Այս տեղեկությունը երկու օր շարունակ փորձում էինք ճշտել և դրանց վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Գագիկ Միրիջանյանից: Երկու օրն էլ տնօրենի ընդունարանից մեր հեռախոսազանգին պատասխանում էին, որ նա խորհրդակցության է: «Ձեզ մոտ շաբաթը յոթ օր խորհրդակցությո՞ւն է»,- հետաքրքրվեցինք: «Դե... հաճախակի են լինում»,- արձագանքեց տիկինը:
Նկատենք, որ Միրիջանյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում արմատական փոփոխություններ է սկսել՝ չնայած որ սահմանված կարգով դեռ չի անցկացվել թափուր պաշտոնի մրցույթ, և ինքը չի հաղթել: Բայց դա ընդամենը ժամանակի հարց է: Ընդ որում, նախատեսվում է, որ մի շարք հոգեբուժական հաստատություններ կօպտիմալացվեն-կմիավորվեն, և նա կդառնա միավորված հոգեբուժական կենտրոնի ղեկավար»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: