Վարդավառը կնշվի հուլիսի 23-ին
Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այս տարի վարդավառը կնշվի հուլիսի 23-ին: Վարդավառը շարժական տոն է և նշվում է Զատիկից 98 օր հետո: Տոնը, սակայն, բնապաշտական ժամանակներից է և թերևս հայերի ամենասիրելի տոնն է եղել: Հայաստանի որոշ մարզերում (Լոռի, Տավուշ) Վարդավառն անշարժ տոմարով են նշում` հուլիսի վերջին կիրակի օրը:
Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է:
Իսկ մինչքրիստոնեական ժամանակներում հայերը Վարդավառը նշել են որպես սիրո դիցուհի Աստղիկին նվիրված տոն: Ըստ ավանդության` Աստղիկը վարդաջուր է ցողել` մարդկանց սեր պարգևելով: