Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել. Է. Շարմազանով
Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին։ Հաղորդում է «Ազատություն»-ը:
«Զենք վաճառում են այն երկրներին, ովքեր որ դա օգտագործում են կամ նպատակ ունեն օգտագործելու ինքնապաշտպանական նպատակներով։ Ես հույսով եմ, որ ժամանակի ընթացքում բոլորը դրանում կհամոզվեն», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով. - «Մյուս կողմից դա չպետք է խոչընդոտի հայ-ռուսական ռազմավարական, ռազմաքաղաքական հարաբերությունների խորացմանը։ Ռուսաստանի հետ մենք ունենք իրավապայմանագրային շատ հարուստ բազա և պաշտպանության ոլորտում շատ լուրջ համագործակցություն ենք ապահովել, ապահովում և ապահովելու ենք»։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ հիացած չեն այս գործարքով և մեկ անգամ չէ, որ իրենց դժգոհությունը հայտնել են այս ուղղությամբ։
Հիշեցնենք, օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջան է հասել ռուսական ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։ Մեծ քանակությամբ արկերը, հրթիռները, ռազմական սարքավորումները նախատեսված են հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար:
Անդրադառնալով լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությանը, ԱԺ փոխնախագահը գործնականում բացառեց այն։
«Բացառում եմ լայնամասշտաբ պատերազմը, որովհետև դա թույլ չեն տա մեծ տերությունները, դա ձեռնտու չէ մեծ տերություններին», - ասաց Շարմազանովը՝ հավելելով. - «Բայց քանի դեռ Ադրբեջանը ամբողջությամբ չի վերադարձել բանակցային սեղան և մտել կառուցողական փուլ, ես Ադրբեջանի ղեկավարությունից որևէ տրամաբանված գործողություն չեմ սպասում»։
Աղբյուր՝ «Ազատություն»