Թոշակառուներին կանչում են հարցաքննության
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը շարունակում է լրջորեն քննվել իրավապահների կողմից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի գյուղի բնակիչներին իրավապահները տանում են հարցաքննելու:
Բանն այն է, որ 2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորվել էր 2 անձ, ևս մի քանիսը՝ ձերբակալվել:
Իսկ արդեն 2017 թվականի հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր, որ առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, և բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձանց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարների ստացումը:
Իսկ ահա փետրվարի 9-ին քրեական գործ էր հարուցվել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ կապված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար:
Բոլոր այս գործերով նախաքննությունը դեռևս ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է, սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, իրավիճակը գնալով ավելի է լրջանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: