Հանուն մեր ականջների
Հանուն մեր [ականջների] նյարդերի - 78
.....................
Այնքան շատ ասացի մի՛ սղոցեք մեր ականջները, մեր նյարդերն էլ չեն դիմանում, մինչև ականջացավ ունեցա. ձախ ականջիս լսողության նյարդն է բորբոքվել: Հա, լուրջ: Շրջապատիցս ոմանք, երբ իմանում էին, մտածելով, թե փոխաբերաբար եմ խոսում, ասում էին. «Ականջը լսած հիմարությունների՞ց է ցավում»: Չնայած ի՜նչ իմանաս, կարող է հենց դրանից է:
Կամ էլ մի պաշտոնավորի, «արվեստագետի» կամ հայերենի կիսատ-պռատ դասախոսի անեծք-փնթփնթոցն է կպել ինձ: Մի կերպ կդիմանանք. Աստված իրենց հետ:
Գնացի ականջաբանի մոտ: Ուղարկեց աուդիոմետրիայի (մտքումս, ինձնից գոհ, թարգմանեցի ԼՍԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, բայց հետո պարզեցի, որ բառը վաղուց գոյություն ունի Սիրուն բառ է, ինչպես ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, ՏԱՐԱԾԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, նույնիսկ նոր ՈՃԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ: Ցավս թողած՝ հայերեն բառերով էի հմայվում: Աուդիոլոգը (ըստ իս՝ ԼՍԱԳԵՏԸ) հետազոտեց, ականջաբանը բուժում նշանակեց: Մի քանի օրից հավանաբար կկարգավորվի, բայց ականջացավից բացի մի միտք է ինձ տանջում. էլ չասե՞մ, որ մեր ականջները սղոցում են, կամ մեր նյարդերը քայքայվում են:
Չասել չեմ կարող... Մի ելք է մնում. հայերենի շքեղ պարտեզում ծառի տակ անգործ պառկած պաշտոնավորները, լրագրողները, մյուսները նամուս (ՊԱՏԻՎ) ունենան ու մի քիչ կարդան, սովորեն...
Իմ ականջի ցավը մի կողմ, դա գոնե անեն հանուն հայերենի ու ... նաև ձեր նյարդերի: Չհիվանդանաք:
#Հանուն_մեր_նյարդերի
Դավիթ Գյուրջինյանի ֆեյսբուքյան էջից