Բրայզա. «Խաղաղություն Ղարաբաղում կարող են հաստատել Պուտինն ու Թրամփը»
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում լրագրողներին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը խոչնդոտում է Հարավային Կովկասի զարգացմանը և տարածաշրջանային անվտանգությանը: Հաղորդում է «Haqqin.az»-ը:
«Հայաստանը «օկուպացրել է ադրբեջանական հողերը»: Անհրաժեշտ է, որ այն դուրս բերի զորքերը և կողմերը համաձայնության գան: Շրջանակային համաձայնագիրը (Մադրիդյան սկզբունքները) գոյություն ունեն արդեն 10 տարի: Պետք է այդ գործընթացն ավարտին հասցնել: Բայց գտնում եմ, որ դա հնարավոր չի լինի, եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի լիդերներն իրենց ներդրումը չունենան այդ գործընթացում», - ասաց Բրայզան:
Բրայզայի խոսքերով, երբ նա զբաղեցնում էր Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը, համանախագահներն առաջ էին շարժվում, որովհետև ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Ջորջ Բուշը և Դմիտրի Մեդվեդևը մեծ ուշադրություն էին դարձնում այդ հակամարտությանը և անմիջական մասնակցություն էին ունենում դրա կարգավորման մեջ:
Ըստ Բրայզայի, ռազմական գործողությունների վերսկսումը շփման գծում չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի շահերից: Դեսպանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պետք է անձնական ու անմիջական ներդրում ունենան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Zham.am