«Դե լավ չենք արել էլի, դե հետեւե՛ք». Կարեն Կարապետյանը՝ Իգնատի Առաքելյանին
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անհանգստացավ գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացի ուշացած լինելու հանգամանքով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ՀՀ վարչապետին ներկայացրեց «Պետական աջակցությամբ գյուղատնտեսական հող օգտագործողներին մատչելի դիզելային վառելիքի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա տրամադրելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Առաքելյանը ներկայացնելով ծրագիրն ասաց, որ մրցույթում հաղթել է «Մաքս Հուր» ընկերությունը՝ 1 լիտրը 314.3 դրամ արժեքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը նախատեսվել է 34.3 դրամ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ուշացրել են այս ծրագիրը: «Ուշացրել ենք, որովհետեւ սկզբից մտածում էինք, որ ծրագիրը մի գուցե իմաստ չունի իրականացնել: Դա գյուղատնտեսական գործերին խանգարում է, քանի որ գարնանացան աշխատանքների համար ուշացրել են»,-ասաց նախարարը:
«Դե լավ չենք արել էլի, լավ չենք արել, ուրեմն: Դե հետեւե՛ք, մաքսիմալ այդ ամեն ինչը կարգավորենք»,- նախարարին լսելուց հետո նշեց Կարեն Կարապետյանը:
Zham.am