Ոչ մի Ղարաբաղ Ադրբեջանին վաղուց պետք չէ. որպես քաղաքական գործիք՝ պատերազմը բավականին արդյունավետ գործիք է. Դենիս Դվորնիկով
«168 ժամ» թերթը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրացում, ցավոք, հնարավոր է ցանկացած պահի: Խնդիրն այն է, որ ադրբեջանական էլիտայի մերսում սուր պայքար է ընթանում գոյատևման համար՝ ներկայիս տնտեսական լուրջ ճգնաժամի պայմաններում: Շատերին արդեն հասկանալի է, որ ոչ մի Ղարաբաղ Ադրբեջանին վաղուց պետք չէ: Զուտ այն պատճառով, որ այդ տարածքն օրգանապես ոչ մի անգամ կապված չի եղել այն ազգերի հետ, որոնք բնակվում են Ադրբեջանի Հանրապետությունում», - մեր թղթակցին ասել է Միջազգաային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, քաղաքական վերլուծաբան Դենիս Դվորնիկովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին՝ հասցեական հայտարարությունն ու անդրադառնալով վերջին հետևանքներին ու դրա հնարավոր զարգացումներին:
Ըստ նրա՝ որպես քաղաքական գործիք, որպես միջոց, որը շեղում է բնակչության ուշադրությունը խնդիրներից, պատերազմը բավականին արդյունավետ գործիք է. «Պատկերացրեք, որ Ալիևի շրջապատից որևէ մեկը նրան ցանկանում է գահընկեց անել կամ ստեղծել քաղաքական ճգնաժամ: Դրա համար բավարար է երկիրը ներքաշել նոր զինված հակամարտության մեջ, որում մեծ է ցավոտ պարտությունների հավանականությունը: Սա՝ մտորումների համար: Իրականում ամեն ինչ կարող է լինել ավելի բարդ, ավելի ցինիկ և ավելի վտանգավոր: Անխոս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես՝ նաև Ռուսաստանը, պետք է շատ լուրջ ազդեն Բաքվի վրա, ցույց տան, որ սադրանքների շարունակելու դեպքում դիվանագիտական լուրջ պատասխան կլինի: Պատերազմը ոչ մեկին պետք չէ», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Արմենպրեսի