Երեւանի գրասենյակի փակումն ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի համար. Սվիտալսկի
ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը մեզ համար չափազանց կենսական գործընկեր էր: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի փակմանը:Հաղորդում է News.am-ը:
«Մենք միասին ֆինանսավորում էինք ծրագրեր, որոնք շատ օգտակար էին: Ծրագրեր մշակելիս նախևառաջ մտածում էինք, թե ում հետ կարելի է աշխատել ԵԱՀԿ երկրներից: Կարող եմ հաստատել նաև, որ տեղական տեսանկյունից ԵԱՀԿ-ի փակումը մեծ կորուստ է լինելու»,- ասաց նա:
Սվիտալսկին հույս ունի, որ ԵԱՀԿ-ն կշարունակի միջոցառումներ իրականացնել Հայաստանում. «Հայաստանը դրա կարիքն ունի, ԵԱՀԿ-ն էլ դրա կարիքն ունի, քանի որ գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի համար»:
Նա նաև ափսոասանք հայտնեց, որ կան մարդիկ, որոնք կզրկվեն աշխատանքից:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կփակվի առաջիկա ամիսներին:
Աղբյուր՝ News.am